Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իրաք. Մասուդ Բարզանիի հակառակորդները Քիրկուկը Բաղդադին են հանձնել ԻՀՊԿ-ի «առաջարկով»

Իրաք. Մասուդ Բարզանիի հակառակորդները Քիրկուկը Բաղդադին են հանձնել ԻՀՊԿ-ի «առաջարկով»
03.11.2017 | 09:34

Հյուսիսային Իրաքում քրդական հանրաքվեից գրեթե մեկ ամիս անց հայտնի դարձան հետհանրաքվեական այն առաջին օրերի որոշ մանրամասներ, երբ Իրաքի կենտրոնական կառավարությունն իր հսկողությունը վերականգնեց Քիրկուկ քաղաքում և նահանգում, ինչպես նաև Դիալա, Նինվե (Նայնավա) և այլ նահանգներում, որոնք ի սկզբանե չէին մտնում Իրաքի Քրդական տարածաշրջանային ինքնավարության Իրաքյան Քրդստան տարածքի մեջ: Ընդ որում՝ այդ տեղեկությունները որոշեցին հռչակել հենց այն քրդական շրջանակները, որոնք ավանդաբար հանդես են եկել որպես Մասուդ Բարզանիի և նրա կլանի ընդդիմադիրներ: Մի շարք քուրդ առաջնորդների շնորհիվ աշխարհն իմացավ ոչ միայն այն, թե ինչու այդքան շուտ «պայթեց հանրաքվեի փուչիկը», այլև թե ինչու քրդական փեշմերգան շատ դեպքերում, ըստ էության, առանց մարտերի Իրաքի բանակին և շիական «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» աշխարհազորին վերադարձրեց վիճելի նահանգները:


Թեհրանում ԻՔ-ի կառավարության ներկայացուցիչ Նազիմ Դաբբագի՝ հոկտեմբերի 22-ին տարածած հայտարարությունից պարզվում է, որ իրաքյան բանակի և շիա աշխարհազորայինների հետ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին Հյուսիսային Իրաք են մտել իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հատուկ նշանակության («Կոդս») զորամասերը, այն էլ՝ իրենց լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի գլխավորությամբ: Ըստ Դաբբագի՝ այժմ քուրդ առաջնորդները անկախության հանրաքվեից հետո ծագած հիմնախնդիրները պատրաստ են լուծելու բանակցությունների միջոցով և ողջունում են գեներալ-մայոր Սոլեյմանիի ջանքերն այդ ուղղությամբ: «Պարոն Սոլեյմանին ազնվորեն է վերաբերվել իրաքցի քրդերին. նախազգուշացումներ է հրապարակել Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացման մասին մինչև հանրաքվեն,- հաղորդում է Fars News-ը:- Իրանը ձգտում է Քրդստանի տարածաշրջանի և Իրաքի կենտրոնական կառավարության միջև եղած հիմնախնդիրները լուծել Իրաքի սահմանադրության հիման վրա, և մենք Իրանի այդ ջանքերը դրական ենք գնահատում»: Դրան համահունչ են իրաքցի քուրդ, բարձրաստիճան օրենսդիր Մասուդ Հայդերի խոսքերը, որը գովել է Սոլեյմանիին այն միջնորդական դերակատարության համար, «որի շնորհիվ կարգավորվեցին Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո առաջացած հիմնախնդիրները»: «Հանրաքվեից հետո 9 հոդվածից բաղկացած համաձայնագիր է ստորագրվել իրաքյան ժողովրդական ուժերի (այսինքն՝ «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» աշխարհազորի) հրամանատար Խադի ալ-Ամերիի և Քրդստանի հայրենասիրական միության (ՔՀՄ) հրամանատար Բաֆել Աթ-Թալաբանիի՝ Ջալալ Աթ-Թալաբանիի որդու միջև՝ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի ղեկավարությամբ և «Կոդսի» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի միջնորդությամբ, որի հիման վրա հանրաքվեի արդյունքները կասեցվել են անորոշ ժամանակով»,- հայտարարել է Մասուդ Հայդերը:
Այսպիսով, հենց իրաքցի քրդերը (ճիշտ է, Բարզանիի և նրա՝ Քրդստանի ժողովրդական կուսակցության (ՔԺԿ) մրցակիցները) նշեցին այն պատճառը, ըստ որի, հանրաքվեն չունի քաղաքական հետևանքներ: Իրանական «Կոդսի» և անձամբ գեներալ Սոլեյմանիի միջնորդությամբ Բարզանի ընդդիմադիրները ոչ այն է՝ համոզեցին նրան, ոչ այն է՝ ապացուցեցին Բարզանի կլանին, որ «սխալ» է կատարվել: Եվ սեպտեմբերյան հանրաքվեի արդյունքները ոչ թե «մոռացված» են, այլ պարզապես լռության են մատնվում անորոշ ժամանակով: Քրդական այլ օրենսդիրներ, ինչպես հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը, նույնպես հայտարարել են, որ Սուլեյմանիայում գեներալ Սոլեյմանին հանդիպում է ունեցել ՔՀՄ-ի (Իրաքի երկու հիմնական քրդական կուսակցություններից մեկի, որը Թեհրանի դաշնակիցն է) առաջնորդների հետ, նախքան Իրաքի վարչապետ ալ-Աբադին իր զորքերին հրամայել էր շարժվել Քիրկուկի ուղղությամբ: Ըստ «Ռոյթերսի», Սոլեյմանին քուրդ առաջնորդներին ասել է, որ փեշմերգայի ուժերը չեն կարող հաղթել ալ-Աբադիի զորքերին, որոնց օժանդակում են Արևմուտքը և տարածաշրջանի պետությունները, այդ թվում՝ Իրանը և Թուրքիան: «Սոլեյմանիի այցը... պետք է տար վերջին հնարավորությունը, որ վճիռ կայացնող անձինք չկատարեին ճակատագրական սխալ»,- գրում է «Ռոյթերսը»՝ հղում անելով ՔՀՄ-ի պատգամավորներից մեկին: ՔՀՄ-ի առաջատար պաշտոնյա Ալա Աթ-Թալաբանին «Ալ-Խադաթ» արաբալեզու հեռուստաալիքով ասել է. «Սոլեյմանին մեզ խորհուրդ տվեց, որ Քիրկուկը պետք է վերադարձվի օրենքին և սահմանադրությանը, այնպես որ, եկեք հասկանանք միմյանց»:
Հոկտեմբերին բազմիցս տեղեկություններ էին գալիս Էրբիլից, որ Բարզանիի կլանը ՔՀՄ-ին և Աթ-Թալաբանիի ընտանիքին մեղադրել է «դավաճանության» մեջ: Դրան ի պատասխան, Բարզանիի ընդդիմադիրները, իրենց հերթին, «դավաճանության» մեջ մեղադրում էին նրան և ողջ ՔԺԿ-ին ու պահանջում նրա հրաժարականը Քրդական ինքնավարության ղեկավարի պաշտոնից: Վերջին այդպիսի պահանջներից մեկը հոկտեմբերի 19-ին հնչեցրեց Իրաքյան Քրդստանի խորհրդարանի խոսնակ Յուսիֆ Մոհամեդը:

«Անկախության հանրաքվեով Իրաքը մասնատելու դավադրությունը ձախողվեց: Դուք պետք է ընդունեք պարտությունը և մեր մարդկանց սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու հնարավորություն տաք: Դուք չպետք է պարտադրեք ձեր միտումների վրա հիմնված ուղին»,- Մոհամեդից մեջբերում է անում «Սումերիեհ» արաբալեզու կայքը: Այնուհետև Մոհամեդն ընդհանրապես հարցականի տակ դրեց հենց Բարզանիի իշխանության օրինականությունը. «Բարզանին, որն ապօրինաբար իշխանությունը զավթեց 12 տարի առաջ, Քրդստանի ժողովրդին մեծ ծառայություն կմատուցի իր հրաժարականով»: Երևում է, արդեն պետք չեն ավելի ծանրակշիռ ապացույցներ այն բանի, թե որքան ճիշտ էր Իրանը, երբ մինչև սեպտեմբերի 25-ը զգուշացնում էր քրդերին, որ նրանց հանրաքվեն Հյուսիսային Իրաքում կհանգեցնի ներքին պառակտման, բացառված չէ, անգամ քաղաքացիական պատերազմի: Քուրդ խոսնակ Յուսիֆ Մոհամեդի մեղադրանքները հատկանշական են, քանի որ քրդական խորհրդարանը, չնայած նրանում ընդդիմության առկայությանը, միշտ վերահսկվել և կառավարելի է եղել Բարզանիի և նրա կողմնակիցների կողմից:


Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է: Եթե հոկտեմբերի սկզբին միայն արաբներն ու արաբալեզու ԶԼՄ-ներն էին հրապարակայնորեն խոսում քրդերի «դավաճանության» մասին, ապա հիմա խոսում են նաև հենց քրդական որոշ շրջանակներ, ավելին, նույնիսկ այն քրդերը, որոնք նախկինում մշտապես Բարզանիի և նրա կլանի «կողքին» էին: Բայց նշանակություն ունի նաև արաբական մեղադրանքների էությունը: Այսպես, սիրիական «Ալ-Վաթան» թերթը հոկտեմբերին գրել է, որ տարածաշրջանում ահաբեկչական խմբերի պարտությունները ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ստիպեցին իրենց անհաջողությունների փոխհատուցման համար օգտագործել բոլոր միջոցները, ներառյալ տարածաշրջանային պետությունների տրոհումը: «Սիրիայի կառավարության դիրքերն ամրացել են, և ներկայումս այն ավելի մեծ կշիռ է ստացել տարածաշրջանային ու միջազգային ամենատարբեր հարթակներում,- նշել է «Ալ-Վաթանը»:- Այժմ սիոնիստական ռեժիմը փորձում է Հյուսիսային Իրաքում ամրապնդել քրդական ռեժիմը՝ արաբական երկրների կենտրոնում ամրանալու և այնտեղ Իրանի, Իրաքի, Սիրիայի և այլ երկրների դեմ իր դիմադրության հանգույցն ստեղծելու համար»: Ահա այս խոսքերում էլ թաքնված է դավաճանության մեջ Մասուդ Բարզանիին ու նրա կուսակցությանը ներկայացվող մեղադրանքների էությունը:


Հոկտեմբերի 23-ին ՔՀՄ-ի անդամների և մյուսների պահանջներին միացան նաև այլ ընդդիմադիրներ: «Շարժում հանուն փոփոխությունների» («Գորան») կուսակցությունը Բարզանիին և նրա տեղակալ Կոսրատ Ռասուլին անհապաղ հրաժարական տալու կոչ արեց, հաղորդում է «Ֆրանս պրեսը»: Իրաքյան Քրդստանի ներկայիս խորհրդարանում 111-ից 24 պատգամավորական տեղ ունեցող «Գորանի» տարածած հայտարարության մեջ Բարզանիի և Ռասուլի հրաժարականի պահանջի հիմնական պատճառը համարվում է այն, որ Էրբիլը կորցրել է Բաղդադի հետ վիճելի գործնականում բոլոր տարածքների վերահսկողությունը: Քրդստանի ընդդիմությունը նաև «Ազգային փրկության կառավարություն» ձևավորելու կոչ է արել, որպեսզի նախապատրաստվեն Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ երկխոսությանն ու ինքնավար շրջանում նոր ընտրությունների կազմակերպմանը:
Ինչպես տեսնում ենք, Բարզանին և նրա կուսակցությունը քննադատվում են ինչպես պանիսլամական համերաշխության ու շահերի, այնպես էլ բացառապես քրդական ազգայնականության և զավթամոլության (էքսպանսիոնիզմ) դիրքերից: Դա ապացույց է, որ քաղաքական ասպարեզից Բարզանիի հեռանալը, հնարավոր է նաև՝ նրա կուսակցության թուլանալը, գործնականում լուծված են: (Նյութն արդեն պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ Բարզանին հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից կհեռանա Իրաքյան Քրդստանի նախագահի պաշտոնից - խմբ.:) ՈՒ կարևոր չէ, թե ով և ինչ չի ների Բարզանիին ու նրա ՔԺԿ-ին. վիճելի տարածքների հանձնումը արաբներին, ենթարկվածությունը Իրաքը մասնատելու Իսրայելի և ԱՄՆ-ի պլանին կամ համագործակցելը ԻՊ-ի ահաբեկիչների հետ, ինչի մասին շարունակում են պնդել եզդիները, որոնք «Լալեշ» մարտական խմբի ուժերով Սինջար շրջանից վռնդեցին բարզանիական փեշմերգան և հաստատեցին Բաղդադի կենտրոնական կառավարությանն իրենց հավատարմությունը: Իսկ մենք հիշեցնենք, որ վերը քանիցս հիշատակված գեներալ Սոլեյմանին հիանալի հարաբերություններ ունի ոչ միայն Աթ-Թալաբանի կլանի և ՔՀՄ կուսակցության, այլև «Գորան» կուսակցության ու նրա գրեթե բոլոր առաջատար քաղգործիչների հետ: Իսկ Արևելքում անձնական հարաբերությունների գործոնը, նույնիսկ հաշվի առնելով, որ քրդերն ու արաբները զուսպ անհանգստություն ունեն ներիրաքյան գործերի կարգավորմանը Իրանի մասնակցության կապակցությամբ, ոչ պակաս կարևոր է, քան բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները:


Վերլուծելով Մերձավոր Արևելքից ստացվող հաղորդումները՝ մենք, այնուամենայնիվ, չենք շտապում եզրակացնել, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները վերջնական պարտություն են կրել Իրաքում, մասնավորապես, Քրդական հարցում: Եթե համադրենք իրադարձությունները, ապա լիովին ակնհայտ կլինի, որ Թել Ավիվը և Վաշինգտոնը փորձում են գոնե ինչ-որ բան «վերցնել» Սիրիայում: Այդ թվում՝ քրդերի միջոցով: Ահա Ռաքքայի ազատագրման ավարտի մասին հայտարարությունը: Թեև բոլորը հիշում են, թե Սիրիան, Իրանը և Ռուսաստանը քանի անգամ են ամերիկացիներին մեղադրել, որ նրանք Ռաքքայից ուղղաթիռներով զանգվածաբար էվակուացրել են ԻՊ-ի մարտիկներին: Իսկ Իսրայելը, առանց նկատելի պատճառների, հարձակում է գործում Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի՝ Ռաքքա նահանգում գտնվող բազայի վրա: Եվ հոկտեմբերի 22-ին հաղորդվում է, որ քրդերը Ռաքքա նահանգում ահաբեկիչներից հետ են վերցրել մի շարք կարևոր նավթահանքեր: Այսինքն, Իրաքում ու Սիրիայում Իրանի դաշնակիցների դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մղած «աննկատելի» պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլև նոր խթան է ստացել: Եվ ահա Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ձեռուոտ է ընկել. մեկ հապճեպ մեկնում է Վաշինգտոն, մեկ ընդունում և բանակցություններ է վարում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Շոյգուի և Լիբերմանի բանակցությունների մասին տեղեկությունները հակասական են ու գործնականում քիչ բան են տալիս իրադրության քաղաքական վերլուծության և զարգացման կանխատեսման համար: Բայց թվարկված փաստերն ակնհայտորեն վկայում են, որ Իրաքի և Սիրիայի ողբերգությունները ոչ թե մարելու, այլ խորանալու նկատելի միտումներ ունեն:


Օրինակ, Էրբիլի հոկտեմբերի 20-ի միջադեպը վկայում է, որ Սիրիայի, Իրաքի և Իրանի ընդդիմադիրները պատրաստ են ամեն բան հրահրելու: Ինչպես հոկտեմբերի 22-ին հաղորդել է իրանական «Թասնիմ նյուզը», Էրբիլում Իրանի գլխավոր հյուպատոսությունը «դատապարտել է հյուպատոսության դեմ նորերս կատարված ագրեսիվ գործողությունը և հայտարարել, որ այդ միջադեպը քաղաքականապես հիմնավորված էր: ՈՒրբաթ երեկոյան, երբ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը փակ էր, քաղաքական մղումներ ունեցող որոշ անձինք ագրեսիվ գործողություն են կատարել Էրբիլում իրանական առաքելության դեմ»: Դեպքերն այսպես են զարգացել. Էրբիլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության և ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Իրաքի բանակի գործողությունների առթիվ նրանց լռություն պահպանելու կապակցությամբ կայացած ցույցից հետո մի խումբ մարդիկ հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա և ցած գցել Իրանի դրոշը: Դատապարտելով «ագրեսիան», հայտարարությունում մերժվում է այն միտքը, թե այդ հարձակումը կատարել է քուրդ ժողովուրդը. «Կասկած չկա, որ այդպիսի քայլերն ընդհանուր ոչինչ չունեն Էրբիլի հարգարժան բնակչության հետ, որը հիշում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ ԻՀՊԿ-ի խիզախ մարտերը»: Իրանի գլխավոր հյուպատոսությունը Իրաքյան Քրդստանի իշխանություններից պահանջել է կատարել այնտեղ դիվանագիտական առաքելությունները պաշտպանելու իրենց պարտքը: Հոկտեմբերի 21-ին Իրաքի ԱԳՆ-ն դատապարտեց այդ ագրեսիան, հայտարարելով, որ Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարները լիակատար պատասխանատվություն են կրում այդ հարձակման համար:


Որ հետագայում էլ դրամատիզմը չի նվազելու, վկայում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի և Իրաքի կառավարության միջև հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած դիվանագիտական «տուրուդմփոցը»: Ինչպես հայտնում է «Ռոյթերսը», սկզբում Սաուդյան Արաբիայում գտնվող պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պահանջեց Իրաքից հանել բոլոր իրանամետ ռազմականացված խմբավորումները: Մեկնաբանություններն ավելորդ են. ԱՄՆ-ը լիովին իրականացնում է Իրանի և շիա մահմեդականների դեմ ուղղված Իսրայելի ծրագիրը: Ի պատասխան, Իրաքի վարչապետ Ալ-Աբադին հայտարարություն տարածեց, որում զարմանք է հայտնում Թիլերսոնի պահանջի առթիվ: «Ոչ մի արտաքին կողմ իրավունք չունի խառնվելու Իրաքի ներքին գործերին»,- ընդգծվում է Իրաքի կառավարության հայտարարության մեջ: Եվ դա հասկանալի է. Ալ-Աբադին հիշում է, որ իր նախորդ Ալ-Մալիկի հրաժարականը եղել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի թելադրանքով: Բացի դրանից, նա գիտի, որ իրաքցի շիա կամավորականները կռվում են ոչ միայն «տանը», այլև Սիրիայում: Վերջապես, նա լավ գիտի, որ Հյուսիսային Իրաքի վիճելի տարածքները վերադարձվել են Իրանի ամենաանմիջական միջնորդությամբ: Իսկ որ պարտքի տակ չպետք է մնալ, Արևելքում երբեք չեն մոռանում: Այնպես որ, վարչապետ Ալ-Աբադիի արձագանքը հաստատում է, որ տեսանելի հեռանկարում վկա կլինենք Մերձավոր Արևելքի շուրջ հակադիր ռազմավարական ծրագրերի դիմակայության շարունակմանը: Առաջին հերթին, բնականաբար, իրանական և իսրայելա-ամերիկյան:
Այն փաստը, որ հոկտեմբերի 23-ին պարոն Թիլերսոնը բառացիորեն Բաղդադ «նետվեց» չնախատեսված («Ռոյթերսի» և կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի ձևակերպմամբ՝ «չհայտարարված») այցով և Իրաքի վարչապետի հետ բանակցությունների ժամանակ, ինչպես նշել են միջազգային ԶԼՄ-ները, «բացատրում էր Իրանի կողմից սատարվող բոլոր ռազմականացված խմբավորումները հանելու իր պահանջի էությունը», միայն ընդգծում է, թե ինչքան տեղին են Իրաքի քրդերի խոստովանությունները վերջերս Քիրկուկ, Դիալա և Նայնավա նահանգներում տեղի ունեցած իրադարձություններում իրանական «Կոդսի» դերի մասին: Կարելի է պատկերացնել Թիլերսոնի քարացումը այն պահին, երբ Ալ-Աբադին համբերատար կերպով նրա գլուխն էր մտցնում պարզ ճշմարտություններ, օրինակ, որ «երկրի «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» շիական աշխարհազորը կազմված է Իրաքի քաղաքացիներից և անհաշտ պայքար է մղում ԻՊ-ի ահաբեկիչների դեմ»: Բացի դրանից, ինչպես հոկտեմբերի 24-ին հայտնել է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը, ալ-Աբադին «Ալ-Խաշդ աշ-Շաաբին» անվանել է «իրաքյան ինստիտուտների մաս»: ԱՄՆ-ի պետքարտուղարին ասվել է, որ Իրաքի շիական աշխարհազորի մարտիկներին «պետք է նեցուկ կանգնել, քանի որ նրանք դառնալու են երկրի ողջ տարածաշրջանի հույսը»:

Իմ կարծիքով, սա իր նշանակությամբ նույնիսկ ցանկացած սառը ցնցուղից ավելի ուժեղ է ոչ միայն Թիլերսոնի, այլև ԱՄՆ-ի ցանկացած քաղգործչի համար, քանի որ այժմ Վաշինգտոնում, Իսրայելից հետո, ուժեղ թափով տարածում են մերձավորարևելյան քաղաքականության «նոր մոդա», որի էությունն է՝ «Իրանն ու շիաները ցանկացած ԻՊ-ից վատ են»: Բայց Իրաքում ամերիկացիներին «տեղը դրեցին» նրանց խնամարկյալ քրդերը, իսկ հիմա նաև Բաղդադի՝ նախկինում կարծես թե «կառավարելի շիաները»:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ